May 26

Պավլիկյանների աղանդավորական շարժումը

Աղանդավորական շարժումները Հայաստանում։

Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը: Աճեցին թե՛ հարկերը և թե’ պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ:

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար:

V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը։

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Բյուզանդացիների քաղաքականությունը: Արաբական իշխանությունների դիրքորոշումը։

Կայսրության հայկական երկրամասերում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը: Կացությունը ծանրացավ, երբ արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով: Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա: Սակայն, հակառակ սպասվածին, շարժումը ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց Փոքր Ասիայի տարբեր շրջաններում՝ իր մեջ առնելով մեծ թվով հույների և կայսրությանը հպատակ այլ ժողովուրդների ներկայացուցիչների: Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով:

Պավլիկյան շարժումը նոր թափ ստացավ VIII դ. կեսերին, երբ նրանց գլուխ անցան այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Հովսեփը, Վահանը և Սերգիոսը:

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար: Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից: Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝բարի աստծու գործն է: Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ: Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով:

Պավլիկյանները յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ: Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը: Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից:

Շարժման վերելքը և պարտությունը։

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:

Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:

Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:

Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:


Posted May 26, 2022 by karenveranyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*